Ուկրաինացի պաշտոնյաներին և պատգամավորներին արգելվել է անձնական նպատակներով մեկնել արտերկիր

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի այս որոշման մասին իր տեսաուղերձում հայտարարել է նախագահ Զելենսկին։ Ըստ հայտարարության` ուկրաինացի պաշտոնյաներին և պատգամավորներին արգելվում է անձնական նպատակներով մեկնել արտերկիր։ 

 

«Եթե ուզում են հանգստանալ, ուրեմն պետական ծառայությունից դուրս կհանգստանան։ Պաշտոնյաներին այլևս չի հաջողվի մեկնել արտերկիր՝ հանգստի կամ այլ ոչ պետական նպատակով»,-ասել է Զելենսկին։

 

Ուկրաինայի նախագահն ավելացրել է, որ այս սահմանափակումը վերաբերում է կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, ովքեր պետք է աշխատեն պետության համար: 

 

Ուկրաինական լրատվամիջոցները  արդեն հայտնել են, որ Ուկրաինայում պաշտոնանկությունների շարքը շարունակվում է:  Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հրաժարականի դիմում է գրել։ Հրաժարական են տվել Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի եւ Սումիի շրջանների ղեկավարները, ինչպես նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը: 

Քաղաքականություն

Պատահարներ