Զամբակչյանների ընտանիքը Թուրքիայից դիմել ՀՀ կառավարությանը` հայրենադարձության խնդրանքով

Զամբակչյանների ընտանիքը՝ Կարապետն ու նրա տարեց ծնողները, հրապարակայնորեն դիմել են Հայաստանի կառավարությանը Թուրքիայից՝ հայրենադարձության խնդրանքով։ Երկրաշարժի ժամանակ նրանք կորցրել են իրենց տունը Ալեքսանդրետայում (Իսկենդերուն) և բոլոր փաստաթղթերը։ Այդ պատճառով նրանք ֆիզիկապես չեն կարող հատել սահմանը, սակայն նրանց հարցով զբաղվում է ՀՀ կառավարությանն առընթեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

 

Հարցն այն է, որ Կարապետը ՀՀ քաղաքացի է, սակայն նրա ծնողները` Հարությունն ու Մարին, Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ են։ Ընտանիքի որդին դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի օգնեն հայրենիք վերադառնալ, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։


«Երկրաշարժի ժամանակ Կարապետ Զամբակչյանը, Հարություն Զամբակչյանը և Մարի Մարտիկյանը կորցրել են իրենց տունը և բոլոր փաստաթղթերը։ Սփյուռքի գործերի գրասենյակը կապ է հաստատել ՀՀ արտգործնախարարության համապատասխան ստորաբաժանման հետ` դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն անելու համար։ Եթե խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ապա հնարավոր է 1 օրում տրամադրել վերադարձի թուղթ ու մեր հայրենակիցները կարող են հասնել Հայաստան»,– նշեց Ալեքսանյանը։

 

Ինչ վերաբերում է օտարերկրացիներին, ապա նրանց պարագայում որոշակի փաստաթղթեր են պետք կամ գոնե հասնել է պետք ՀՀ պետական սահման։

Քաղաքականություն

Պատահարներ