ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում ենք, որ մեր խաղաղությունն ապահովեք․ բողոքի ակցիա Ստեփանակերտում

Արցախի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում ռուս խաղաղապահների տեղակայման գլխավոր մուտքի մոտ: Արցախցիները պահանջում են, որ խաղաղապահները լիարժեք կատարեն իրենց պարտավորությունները:

 

Արցախցիների խոսքով՝ սա ռուս խաղաղապահների դեմ նախաձեռնություն չէ, այլ պահանջ, որ նրանք կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:

 

«Ուզում ենք, որ մեր խաղաղությունն ապահովեք, չեք կարողանում, մի ձեւ արեք, այդ հարցը լուծեք: Մենք գնում ենք ռուսներին ասենք՝ կատարեք ձեր պարտականությունները, եթե չեք կարողանում կատարել, ապա ասեք»,- նշել է ակցիայի կազմակեպիչ Դավիթ Ղահրամանյանը:

 

Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել 

 

ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

 

Թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

 

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է, որ մարտի 1-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում ադրբեջանական կողմի հետ: 

 

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է  քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն եւ տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է իրենց, որ կամ  ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր:

Քաղաքականություն

Պատահարներ