ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ի սահմանները. Նիդերլանդների արտգործնախարար

ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները։ Նման հայտարարություն է արել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուքստրան։ Նա նաև շեշտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի փաստը, տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան։

 

Ի պատասխան խորհրդարանական մի քանի խմբակցությունների՝ Դավոսում Նիդերլանդների և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցերին՝ Վոպկե Հուքստրան տեղեկացրել է, որ Դավոսում հունվարին վարչապետ Ռյուտեի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը նախաձեռնվել է նիդերլանդական կողմից՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մտահոգությունները փոխանցելու նպատակով, որի ընթացքում Նիդերլանդների վարչապետն ընգծել է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը չպետք է քաղաքական իրավիճակի զոհ դառնա և կարևորել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը՝ ի կատարումն 2020 թ. եռակողմ համաձայնության։

 

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ Նիդերլանդները ԵՄ և ԵԽ շրջանակներում ևս ակտիվորեն աշխատում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով՝ նշելով, նաև որ Ադրբեջանը վատ է կատարում ՄԻԵԴ վճիռները։ 

 

Նիդերլանդների ԱԳ նախարարը հաստատել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից գազ է ներկրում Եվրամիության հանդեպ իր պարտավորությունների կատարումը ապահովելու համար և ընդգծել, որ այդ հարցը բարձրացվելու է Եվրահանձնաժողովի կողմից։ 

 

Նախարար Վոպկե Հուքստրան վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիան՝ ընդգծելով, որ ԵՄ կոչ է անում Ադրբեջանին վերադառնալ մինչև 12.09.2022թ. սահմանները։

 

Պատասխաններում նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ հավաստիացնելով, որ վերջիններիս հայրենադարձման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվում է Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցություններում։

Քաղաքականություն

Պատահարներ