Զգուշացե՛ք «Կատաղություն» հիվանդությունից. ՀՎԿԱԿ-ը տեղեկացնում է

 Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է. «Կատաղությունը (հիդրոֆոբիա) - վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: 


Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: 
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները, իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) և գյուղատնտեսական կենդանիները (խոշոր եղջերավոր կենդանիներ): 
Մարդու համար վարակի աղբյուր համարվում են հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: 


Գաղտնի շրջանը տատանվում է մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի: 
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում): 
Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: 
Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կողմից տուժելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումներ ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու նպատակով: 

Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է. 

1. կենդանու կողմից հարձակման ենթարկվելու դեպքում անհապաղ դիմել բժշկի, 
2. պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը` համաձայն անասնաբուժական ծառայության հրահանգների, 
3. վայրի կենդանիներին մոտ չթողնել կենդանիների հոտին, գոմերին, 
4. տնտեսությունը սպասարկող անասնաբույժներին անհապաղ հայտնել կենդանիների կատաղությամբ հիվանդ լինելու կասկածի կամ վայրի կենդանիների կողմից կծված լինելու մասին, 
5. չգնել և չխնամել շներ՝ առանց անասնաբույժի տեղեկանքի՝ կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ»։

Քաղաքականություն

Պատահարներ