Լկտի սուտ է․ Սերժ Սարգսյանը, ի պատասխան Փաշինյանի պնդման, թվարկել է, թե ինչ զենքեր է ունեցել հայկական բանակը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ ներկայիս իշխանությունները 2018-20 թվականներին ավելի շատ զենք են ձեռք բերել, քան դրան նախորդող 10 տարիներում է ձեռք բերվել։

 

Այս պնդումը, ինչպես նշեց ՀՀ երրորդ նախագահը, լկտի սուտ է՝ բնորոշ ներկա կառավարիչների գործելաոճին ու էությանը։

 

«Հայաստանի ներկա կառավարիչների ամենից «ուժեղ» կողմը ամոթ չունենալն է, և նրանք կարող են առանց ամոթի մի նշույլի՝ նայել դիմացինի աչքերի մեջ և ստել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

 

ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ գործող իշխանությունները միայն երկու ճիշտ բան են ասել, սակայն այդ հայտարարությունները հանգեցրել են կործանարար հետևանքների։

 

«Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը, որքան հիշում եմ, երկու ճշմարտություն են ասել, ավելի ճիշտ՝ երկու  հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն այն էր, որ ասացին, որ իրենք իրենց «գժի տեղ կդնեն» և մադրիդյան սկզբունքները, կոպիտ բառ օգտագործեմ,  վարի կտան, այդ սկզբունքներով չեն առաջնորդվի, ինչը և արեցին։ Եվ երկրորդը՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարելու։ Եվ այդ երկու, այսպես ասեմ, հայտարարությունները տեսաք, թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

 

ՀՀ երրորդ նախագահը նշեց նաև, թե ինչ սպառազինություններ է ձեռք բերել Հայաստանը նախկինում։

 

«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա առանց շատ բան բացահայտելու ասեմ հետևյալը, որ իր (Փաշինյանի-խմբ․) նշած տարիներին մենք, երևի թե, մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։

Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք արդեն մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա, այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել հարյուրավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերք, մենք հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, էլ չեմ խոսում  «Իսկանդերի», այլ հզոր զենքերի մասին։

 

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը ձեռք է բերել միայն ինքնաթիռներ, որ այդպես էլ օգուտ չտվեցի, ինչպես նաև մի քանի տասնյակ հին, արժեքը կորցրած զինամթերք։

 

«Փոխանակ վերացական բաներ ասելու, իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ իրենք այս 10 կամ 20 տարում այսքանն են ձեռք բերել, մենք՝ այսքանը», - հավելեց Սերժ Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ գրագետ մարդը, ով տիրապետում է ռամական գործին, շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է համեմատել սպառազինություններն ու ռազմամթերքը։

 

«Ճշմարտությունը հետևյալն էր, որ այդ 2018-20 թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյո՞ք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե մսխվել են։ Մենք շատ ավելի փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատաելու, բայց մենք նաև մեծ հնարավորություններ ունեինք և այդ հնարավորությունները մինչև վերջ օգտագործել ենք ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար», - եզրափակեց նա։

Քաղաքականություն