Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբեջանի շրջանառած տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

 

Մարգարյանի նամակը` որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է մարտի 24-ին ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։

 

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր նամակում խոսել է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվության մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում` ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել:

 

Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։

 

Նշենք, որ զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներն Ադրբեջանը շարադրել է իր զեկույցում։

 

Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

Քաղաքականություն