Քոչարյանը Հայաստանից բացակայում է դատարանի թույլտվությամբ. 2-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչ հաջորդ դատական նիստը կվերադառնա Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

 

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Քոչարյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։

 

«Նախագահ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 18-ին, մինչ այդ նախագահը կվերադառնա Հայաստան»,- ասել է Միկոյանը։

 

Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահն անցնում է «Սիլվայի գործով»։

 

Փետրվարի 14-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր Քոչարյանի վատառողջ լինելու պատճառով։ Այդ ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ շուրջ 5 օր անհրաժեշտ կլինի, որպեսզի նախագահը բուժում ստանա։ Մարտի 7–ին Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան` առողջական խնդիրների պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին։

 

Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

Քաղաքականություն