«Մարդու ձեռքերը բռնել ու թքե՞լ երեսին ու չպատժվե՞լ». Իոաննիսյանը Դատախազության որոշումը քաղաքական է համարում

Առանց քննության թողնելով Ազգային ժողովի նախագահի և կանադահայ դաշնակցականի միջև մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպը՝ Գլխավոր դատախազությունը պատճառաբանում է, թե առաջնորդվել է 11 տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած մի վճռով։ 

Ըստ դրա՝ արարքը չի կարող համարվել խուլիգանություն, եթե հանցավորի գործողությունները պայմանավորված են տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, այլ ոչ թե հասարակության դեմ։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանի հասցեին անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող, անպարկեշտ արտահայտությունը նախ հնչեցրել է Կարեն Մկրտչյանը, որին էլ հաջորդել են ենթադրյալ զարգացումները, հայտնում են դատախազությունից։ 

«Եթե դատախազության ասելով՝ սա նորմալ է, իսկ դատախազությունն, ըստ էության, սա է ասում, ապա մենք ապրում ենք շատ տխուր երկրում, որտեղ կարող են շատ տխուր զարգացումներ լինել այն առումով, որ կարող է թքելը դառնալ նորմալ երևույթ», - «Ազատության» հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ 

Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանն ապրիլի սկզբին, Կասկադում տեսնելով Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո, ըստ սփյուռքահայի, ԱԺ նախագահի թիկնապահները բռնել էին իր ձեռքերը, Սիմոնյանն էլ թքել էր իր դեմքին։ Խորհրդարանի խոսնակը ուղիղ չէր հաստատել թքելու դրվագը, բայց աղմկահարույց միջադեպից մի քանի օր անց ներողություն էր խնդրել Հայաստանի քաղաքացիներից։ Նա նաև հերքել էր, թե իր թիկնապահները բռնել են քաղաքացու ձեռքերը։ 

Միջադեպից հետո իրավապահներին բողոք էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։ Ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ հենց սկզբից պնդում էր՝ Սիմոնյանի արարքը խուլիգանություն է, տարակուսած է իրավապահների այս եզրահանգումից։ Մարդու ձեռքերը բռնել ու թքե՞լ երեսին ու չպատժվե՞լ, հարցնում է Իոաննիսյանն ու պնդում՝ դատախազության որոշումը քաղաքական է։ 

«Իրենք սա ակնհայտորեն կատարում են քաղաքական մոտիվացիայով, և առավել ևս այն, որ սա տևում է արդեն մեկ ամիս։ Արդեն մեկ ամիս է, ինչ մենք հաղորդումը ներկայացրել ենք, դեպքից մեկ ամսից ավելի է անցել, և, ըստ էության, նաև այս ժամանակը ձգելը ևս քաղաքական դրդապատճառներ ուներ՝ մեր համոզմամբ»։

Քաղաքականություն

Պատահարներ