Էրդողանի գրասենյակը` Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը ) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Այս մասին գրում է Star.com-ը։

 

«Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա հանգեցրեց օդային տարածքի փակմանը»,–նշել է նա:

 

Նշենք, որ այսօր  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։

 

Միաժամանակ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։

Քաղաքականություն

Պատահարներ