Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

 

«Կռահում եմ, որ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկվել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, թե որքանով է հավանական, որ կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի․ ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել»,- ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ, մյուս կողմից, խնդիր ունեն հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթն ու այն պատրաստել ստորագրման. «Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որ արձանագրվել են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում»։

Ըստ Փաշինյանի՝ այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրով. «Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»։

Քաղաքականություն

Պատահարներ