Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է հանդիպումը Քիշնևի հայ համայնքի հետ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Մուշեղը լրատվամիջոցին ասել է, որ տեղյակ չէ, թե հանդիպումը ինչու է չեղարկվել, սակայն որոշ մանրամասներ է հայտնել։

 

«Հանդիպմանը ներկայացվածների շարքում ամենաառաջինը իմ անունն է նշված եղել՝ որպես մեր սփյուռքի համայնքի ղեկավար, սակայն անվանս վրա գիծ են քաշել ու հայտարարել, որ ես կատեգորիկ չպետք է ներկա գտնվեմ։ Ես էլ ասել եմ, որ ես եմ այստեղ հայությունը ներկայացնում, ո՞նց չպիտի մասնակցեմ։ Ես հարցեր ունեմ իրեն տալու, ինչո՞ւ չպիտի մասնակցեմ»,-ասել է Վեներա Մուշեղը։

 

Մոլդովայի հայկական սփյուռքի ղեկավարը տեղեկացրել է, որ զգուշացրել է` եթե նույնիսկ իր մասնակցությունն անընդունելի են համարում, ոչ ոք իրեն չի կարող կանգնեցնել, և զգուշացրել է՝ փորձ չանեն խանգարել իրեն։

 

«Հանդիպումը լինելու էր Մանուկ Բեյ Միրզոյանի տուն-թանգարանում, որը հայկական համայնքին ես եմ վերադարձրել՝ Մոլդովայի նախորդ վարչապետի օգնությամբ։ Հանդիպումը պետք է այնտեղ կայանար ամսի երկուսին՝ ժամը տասին։ Զանգում են, ասում` Մուշեղովնա՛, հանդիպումը չի լինելու, հրաժարվել են, չեն ուզում համայնքի հետ հանդիպել»,-նշել  է հայ համայնքի ղեկավարը։

 

Մուշեղն ասել է` դեռևս չեն որոշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու։ Նա չի բացառեց նաև, որ միգուցե հանդիպումը չեղարկելու մասին լուրը հատուկ է արվել, որպեսզի հետո Փաշինյանն իր համակիրներով կարողանա հանդիպում ունենալ՝ զերծ մնալով անհարմար հարցերից ու իրավիճակներից։

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն:

Քաղաքականություն

Պատահարներ