Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն․ Օսկանյան

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Էրդողանի երդման արարողությանը Հայաստանում և Սփյուռքում լայն շրջանակների զարմանքն ու զայրույթն է առաջացրել։ Ճիշտն ասած՝ ինձ այդ այցը ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ զայրացրեց, որովհետև Անկարայում Փաշինյանը ներկայացնում էր ոչ թե հայ ժողովրդին, այլ ինքն իրեն։ Նա չէր ներկայացնում անգամ իր սեփական ողջ կուսակցությանը կամ ողջ կառավարությանը, որովհետև ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ այնտեղ չկան մարդիկ, որ դեմ չէին լինի նրա մասնակցությանը»։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ 

 

Նա նշել է, որ հարցը կներկայացնի միայն քաղաքական ու դիվանագիտական տեսանկյունից՝ մի կողմ դնելով հարցի զգացական և բարոյական մասը առ այն, թե ինչ արժեքներ տրորելով նա (վարչապետը) հասավ Անկարա․ ցուցակը շատ երկար է։ 

 

«Այս այցով Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ հեռու է դիվանագիտությունից։ Ես հաճախ եմ ասել և չեմ զլանա կրկնել, որ եթե նա դիվանագիտական նվազագույն հմտություն ունենար, նախ կխուսափեինք պատերազմից և այսօր կունենայինք Արցախ՝ ԼՂԻՄ-ի ամբողջական տարածքով, 20 կմ Լաչինի միջանցքով՝ ճանաչված Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային հանրության կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից երաշխավորված միջանկյալ կարգավիճակով, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բաց սահմաններով։


Փաշինյանը չի հասկացել, որ Թուրքիայում երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելով ու Էրդողանի երդման արարողությանը մասնակցելով՝ չի կարող Թուրքիային սիրաշահել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիան իր քայլն անելու է, երբ ինքը նպատակահարմար համարի։ Ավելին, հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման բանալին Բաքվում է։ Հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը հանձնվում է Բաքվին, և շուտով կբավարարվեն Ադրբեջանի մյուս պայմանները, Թուրքիան բացելու է սահմանը՝ անկախ նրանից՝ այդ այցը կլիներ, թե ոչ», - գրել է Օսկանյանը։

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին Թուրքիայում մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ 

Քաղաքականություն

Պատահարներ