Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքում ստեղծված լարված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ 

 

«Լեռնային Ղարաբաղում մի քանի ամիս գազ ու լույս չկա։ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված»,- նշել է նա։

Փաշինյանը հավելել է, որ սնունդը Ղարաբաղ է առաքվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ 

 

«Պետք է ընդգծեմ, որ այժմ սննդամթերքի առաքումը Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուս խաղաղապահների օգնությամբ, և դա սննդի սահմանափակ քանակություն է։ Ընդհանուր առմամբ, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և սա նույնպես շատ կարևոր խնդիր է։ Համոզված եմ, որ այսօր կքննարկենք»,- ասել է ՀՀ վարչապետը: 

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել էր, որ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն այսօր Սոչիում։ Փաշինյանը հունիսի 7-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սոչիում։ Հայաստանի վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Քաղաքականություն