Պուտինն ասել է՝ երբ կսկսվի Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է, որ Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը դրանց համար օբյեկտների պատրաստման աշխատանքների ավարտից անմիջապես հետո, գրում է kommersant.ru-ն։

«Ինչպես գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում զենքի համապատասխան տեսակների տեղակայման հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Պուտինը նշել է, որ ինքն ու Լուկաշենկոն պետք է քննարկեն երկու երկրների տնտեսական համագործակցության հարցերը։

Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Լուկաշենկոյի խնդրանքով ռուսական մարտավարական միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում։ Այնուհետ Պուտինն ասել էր, որ մարտավարական զենքի պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ 

 

Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հստակեցրել է, որ միջուկային զենքը կտեղափոխվի Միութենական պետության արևմտյան սահմաններ։

Քաղաքականություն