ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից հեռացնելն է. Գալուզին

ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում։ 

 

«ԱՄՆ-ն ամենուր փորձում է հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից՝ նեոգաղութային ոճով հպատակեցնել անկախ պետություններին, որոնք Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցներն են, միջամտել մեր գործընկերությանը դաշնակիցների և հարևանների հետ: Դա միշտ եղել է Ամերիկայի գլխավոր խնդիրը»,- ասել է նա։ 

 

Գալուզինն ընդգծել է, որ Մոսկվան դեմ չէ, որ այլ երկրները նույնպես նպաստեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց ոչ խոսքով, այլ գործով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված հիմնարար պայմանավորվածություններին համապատասխան։ 

 

«Մի քանի այլ միջնորդների ջանքերը պետք է հավելյալ արժեք տան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար փաստաթղթերի իրականացման տեսանկյունից»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

 

 

Քաղաքականություն