«Ես այսօր պատրաստ եմ»․ Ցուկերբերգն իր հակառակորդին առաջարկել է մենամարտելու օրը

Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել X սոցցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ և իր հակառակորդին առաջարկել է կռվել օգոստոսի 26-ին:

«Ես այսօր պատրաստ եմ: Ես նրան առաջարկեցի օգոստոսի 26-ի ամսաթիվը, երբ նա ինձ մարտահրավեր նետեց, բայց նրանից ոչ մի հաստատում չեղավ», - գրել է Ցուկերբերգը Threads սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Մասկի գրառումն այն մասին, որ ինքն ակտիվորեն պատրաստվում է մենամարտին:

Միևնույն ժամանակ, Ցուկերբերգը հավելել է, որ թերահավատ է, որ մենամարտը կկայանա իր առաջարկած ամսաթվին։

Իր հերթին Մասկը ենթադրել է, որ դիմացկունությամբ զիջում է Ցուկերբերգին։

«Եթե մենամարտը կարճ տևի, ապա ես կարող եմ հաղթել: Եթե այն ձգձգվի, ապա նա կարող է հաղթել դիմացկունության շնորհիվ: Ես շատ ավելի ծանր եմ, ինչի պատճառով էլ խառը մենամարտերում կան քաշային կատեգորիաներ», - գրել է Մասկը սոցիալական ցանցում՝ հավելելով, որ նա կշռում է մոտ 136 կգ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի հասակը 185 սմ է, Զուկերբերգի քաշը՝ 70 կգ, հասակը՝ 173 սմ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք, որ միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի մենամարտը կհեռարձակվի X սոցկայքի սոցկայքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնել էր Մասկն իր միկրոբլոգում:

Նա նաև հավելել էր, որ ամբողջ հասույթը կուղղվի վետերանների բարեգործությանը:

 

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ: Մասկը իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել էր Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել էր՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:


 

Քաղաքականություն

Պատահարներ