3,5 ամիս էր մնացել․ եղբայրը պատերազմից ողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած Արմեն Խաչատրյանը Աբովյան քաղաքից էր ծառայությանը մնացել էր 3,5 ամիս։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայից, որին հայտնել է տղայի բարեկամներից մեկը։

 

«Ծնողները աշխատանքի բերումով ՌԴ–ում էին` նրանք խոհարարներ են, մի քանի օրով եկել էին Հայաստան, բարեկամներից մեկի հարսանիքին մասնակցելու համար։ Այս պահին դեռ այստեղ են»,– ասել է նա։

 

Կայքը նշում է, որ Արմենն ինքն էլ խոհարարական կուրսեր էր ավարտել, հավելելով, որ Արմեն Խաչատրյանի եղբայրը 44–օրյա պատերազմի մասնակից է եղել։

 

«Նա պատերազմից ողջ–առողջ հետ եկավ, իսկ Արմենը խաղաղ պայմաններում զոհվեց»,–  լրատվամիջոցի հետ զրույցում ասել է բարեկամը։

 

Նշվում է, որ մյուս զինվորը, որն ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների կրակել է դիրքի ավագ Արմեն Խաչատրյանին վրա, ապա ինքնասպան եղել, Արտյոմ Հայկազյանն էր։ Նա Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր։ Արտյոմը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։ Նա ուներ երկու քույր, տան միակ տղան էր։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՔԿ–ից հայտնել են, զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։

 

Քաղաքականություն

Պատահարներ