«Հայասաթ-1»-ից ստացվող ազդանշաններով իրականացվում է տվյալների նախատեսված վերլուծություն

Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։


«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ»,- «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:


Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։


«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։

Քաղաքականություն