4 անգամ հոգեբուժարան են տարել․ ինչ են պատմում բնակիչները հարևանուհու սպանության մեջ կասկածյալի մասին

Երևանում 64-ամյա հարևանուհուն սպանած 41-ամյա տղամարդը հարևանների խոսքով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, 4 անգամ հոգեբուժարան են տարել և կրկին հետ բերել տուն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, NEWS.am-ի թղթակցին պատմել են Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչները:


Հարևաններից մեկի խոսքով, սպանության մեջ կասկածյալը ծնողների հետ էր ապրում, սակայն ամիսներ առաջ, երբ նրա առողջական վիճակը վատացել է, պահվածքը ագրեսիվ է դարձել, ծնողները միայնակ են թողնել նրան և հեռացել: Արդեն մի քանի ամիս է՝ Սարգիս Մ-ն միայնակ էր ապրում տանը:


Լարվածություն կամ անձնական խնդիրներ հարևանների միջև չկար, ուղղակի ագրեսիվ էր այդ տղան: Մի քանի անգամ տարան հոգեբուժարան, չգիտեմ՝ ինչո՞ւ չպահեցին, նորից բերեցին տուն: Տուժածների փոխարեն մեզնից ցանկացածը կարող էր լինել,-պատմեց բնակիչներից մեկը՝ վստահեցնելով, որ սպանության մեջ կասկածյալ՝ Սարգիս. Մ-ի և տուժածներ՝ Լիլյա Ղ.-ի և նրա դուստր՝ Աննա Մ.-ի միջև վիճաբանություն երբեք չի եղել:


Բնակիչներից մեկն էլ լրատվամիջոցին պատմել է, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում բարձր ճիչ է լսել, սակայն վստահ չէ, արդյո՞ք վիճաբանություն է եղել թե ոչ: Թաղամասի այլ բնակիչներ, որոնք Սարգիսի հետ, այդքան էլ մտերիմ չէին, պատմում են, որ վերջինս միշտ էլ տարրօրինակ վարքագիծ է ունեցել, այդ պատճառով էլ հարևանները փորձել են առնչություն չունենալ նրա հետ:


Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 24-ին՝ Ժամը 10:30-ի սահմաններում , ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և նրա դուստրը՝ 33-ամյա Աննա Մ.-ն։ Նրանք տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ Լիլյա Ղ.-ն՝ գիտակցության չգալով մահացել էր: Աննա Մ.-ի վիճակը գնահատվել է ծանր:


Ավելի ուշ «սպանություն», «սպանության փորձ» կատարելու մեջ կասկածյալը՝ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն Ջրվեժ թաղամասի ռեստորաններից մեկից վնասազերծվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել:


Քաղաքականություն