Էկոնոմիկայի նախարարությունից կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի

էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը, որը կալանավորվել է «Ինտենսիվ այգիների» գործով, ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում են Մարտիրոսյանի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը։


ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մարտի 27-ին ամբողջությամբ մերժել է նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը Տարոն Մարտիրոսյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։


«Միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանների կողմից դատարանին ներկայացվել են այնպիսի փաստեր, որոնք ամբողջությամբ բացահայտել են Տ.Մ.-ին կալանքի տակ պահելու հիմքերի բացակայությունը»,- գրել են փաստաբանները։


Նրանց խոսքով՝ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո փաստաբանների կողմից նախաքննությանը գրեթե զուգահեռ փաստաբանական հետաքննություն էր իրականացվել։ Դրա շրջանակում ի հայտ են եկել այնպիսի տեղեկություններ, որոնք, ըստ փաստաբանների, ամբողջությամբ ապացուցում են Մարտիրոսյանի անմեղությունը:


Փետրվարի 5-ին հայտնել էինք, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործով ձերբակալվել ու կալանավորվել է նաև նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանը։


Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։

Քաղաքականություն

Պատահարներ