Կրոկուսում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են «Telegram» ալիքի միջոցով

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրը՝ մանրամասնելով, որ ալիքն արդեն ջնջվել է:


«Դիտարկվել են կոնկրետ անձի վերաբերյալ նյութեր։ Մեր գործընկերների կողմից տեղեկանք կա, որտեղ գրված է, որ նա կանգնած է եղել «Telegram» ալիքի ետևում, որտեղ մարդկանց է հավաքագրել ահաբեկչություններ իրականացնելու համար։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նույն տելեգրամյան ալիքում հավաքագրվել են Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարած անձինք», - ասել է գործակալության զրուցակիցը։


Հաղորդվում է, որ այժմ հիշյալ «Telegram» ալիքը հասանելի չէ Ռուսաստանի և Տաջիկստանի օգտատերերի համար:


Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:





Քաղաքականություն

Պատահարներ