Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է ավելի շատ գերիներ ստանալուն․ Սիրանուշ Սահակյան

Երեկ պլանավորվում էր Ադրբեջանի կողմից Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց վերաբերյալ հարցազրույցի կամ դոկումենտալ ֆիլմի հրապարակումը, որը չեղարկվեց կամ առնվազն այդ նույն տեսքով չեղավ։ Այս մասին «Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


Նա նշել է, որ դեռևս տեղյակ չեն, թե որն է եղել պատճառը, որ ադրբեջանական հեռուստաալիքը չի հրապարակել տվյալ ֆիլմը։


«Հավանաբար, պարզաբանումներ կլինեն, բայց շատ կարևոր է դիտարկել, որ, ցավոք, ՀՀ հանրությունը տրվում է ադրբեջանական քարոզչական հնարքներին»,-ասել է Սեփանյանը։

  

Նրա խոսքով՝ պետք է հանրությանը կրթել, բարձրացնել իմունիտետը և ցույց տալ, թե ինչ նպատակով է արվում, որպեսզի չընկնեն Ադրբեջանի լարած թակարդը։


Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ հավելել է՝ Ադրբեջանը հստակ սպասումներ ձևավորեց հայ հասարակության շրջանում, որ սկանդալային և շատ կարևորություն ունեցող հարցազրույցներ են դիտելու, բայց վերջնարդյունքում վաճառեց կամ փոխանակեց այդ սպասումները և էմոցիաները։


«Մենք ունեցանք 17 վայրկյան տևողությամբ մի տեսանյութ, որը ավելի շատ միտված էր իրենց ԱԱԾ-ի 100-ամյակին։ Մյուս կողմից՝ այսօր պաշտոնական պարզաբանում տրվեց, որ խնդիրը միայն հարցազրույց ունենալը չէ, այլ ճիշտ ժամանակին հեռարձակելն է, այսինքն՝ ոչ թե մերժում են սպասված տեսանյութի ցուցադրությունը, այլ ընդամենը հարցականի տակ են դնում ընտրված պահը»։


Քննարկման ընթացքում Սիրանուշ Սահակյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է ավելի շատ գերիներ ստանալուն։


Փաստաբանը թվարկեց բանտարկյալների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դիտավորյալ գերեվարման որոշ դեպքեր՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան։


Սահակյանը տեղեկացրեց, որ մինչ օրս Ադրբեջանը վերադարձրել է 210 մարդու։ Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի, որոնց մուտք ունի ԿԽՄԿ-ն։ 2020 թվականից ի վեր գերության մեջ է մնում 5 մարդ, այդ թվում՝ երկու տարեց տղամարդ։


«Նրանց տարիքը և Արցախյան առաջին պատերազմին մասնակցելը պատճառներ են, որոնց համար ադրբեջանցիներն առանձնակի դաժանությամբ են վերաբերվում»,- նշել է Սահակյանը։


Եվս 3 խաղաղ բնակիչ, սա Վիգեն Էուկչյանն է Լիբանանից, նրա քաղաքացիությունը Բաքվում օգտագործվում է «ապացուցելու» համար, որ Հայաստանը գրավել է վարձկանների։ Մյուս 2 երիտասարդները գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին։


Մնացած դեպքերը կապված են 2023 թվականի հետ. «Վագիֆ Խաչատրյանի դեպքին բոլորը ծանոթ են, տղամարդը գերեվարվել է ԿԽՄԿ-ի ներկայությամբ։ Մեկ այլ տարեց տղամարդ մոլորվել և գերվել է։ 8-ը Արցախի նախկին ղեկավարներն են»,- թվարկել է Սահակյանը։


Նրա խոսքով, կա նաև հարկադիր անհետացման 80 դեպք։ Սրանք դեպքեր են, երբ զինվորները ողջ-առանց լուրջ վնասվածքների հայտնվել են ադրբեջանական հսկողության տակ և անհետացել առանց հետքի։ «Ճնշող մեծամասնությունում տեսագրություններ կան, մյուս դեպքերում՝ ականատեսների վկայություններ, ուստի գերության փաստը կասկածից վեր է»,- ընդգծել է փաստաբանը։


Քաղաքականություն

Պատահարներ