Լեհաստանն ինքնաթիռներն օդ է բարձրացրել

Լեհաստանն ու նրա դաշնակիցները օդ են բարձրացրել ինքնաթիռները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։


Որպես պատճառ է նշվել «ՌԴ հեռավոր ավիացիայի ակտիվությունը»։


«Զգուշացնում ենք, որ լեհական օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռները, ինչը կարող է հանգեցնել աղմուկի մակարդակի բարձրացման, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում։ Այս գիշեր նկատվում է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ակտիվացում»,-ասվում է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ։


Լեհաստանի զինված ուժերը վերջին երկու շաբաթվա ընթացքում բազմիցս ձեռնարկել են այդ միջոցառումը։ Մարտի 24-ին լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր նույն օրվա վաղ առավոտյան Ուկրաինայի հետ սահմանին երկրի օդային տարածքի խախտման մասին: Ըստ նրա վարկածի՝ օբյեկտը Լեհաստանի օդային տարածք ներխուժել էր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյեվոդության Օսերդուվ բնակավայրի շրջանում և լքել այն 39 վայրկյան անց: Իր հայտարարության մեջ հրամանատարությունը պնդում էր, որ խոսքը ռուսական թևավոր հրթիռի մասին է։ Այդ հայտարարություններն ապացուցող փաստեր չեն ներկայացվել։


Քաղաքականություն