Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն այս պահին քննարկում Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերի փոխանցումը։


«Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից փոխանցեցին՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են։


«Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն կողմերը մեկնաբանություններ չեն տալիս», - նշվում է պատասխանի մեջ։


«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե արդյոք այդ տարածքների փոխանցումը քննարկվում է կոնկրետ քարտեզների հիման վրա, եթե այո, ապա ո՞ր թվականի քարտեզների, կա՞ն կոնկրետ ժամկետներ դրանց փոխանցման վերաբերյալ։


Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրը դեռևս որոշված չէ:

Քաղաքականություն