Պատասխանը կլինի վայրկյանների ընթացքում, ուժեղ և անհապաղ․ Իրանի ԱԳՆ

Իրանը մի քանի վայրկյանում կպատասխանի, եթե Իսրայելը նոր փորձ ձեռնարկի հարձակվելու իր տարածքի վրա։ Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Քյանին։


Նրա խոսքով՝ իսրայելական հարձակման դեպքում Թեհրանը շատ ավելի հզոր հարված կհասցնի հրեական պետությանը՝ համեմատած նախորդի հետ:


«Եթե Իսրայելը փորձի դիպչել իրանական հողին, հաստատ շատ ավելի ուժեղ հարված կստանա նախորդի համեմատ։ Եթե նա եւս մեկ սխալ թույլ տա, պատասխանը կլինի ուժեղ եւ անհապաղ եւ կչափվի ոչ թե օրերով ու ժամերով, այլ վայրկյաններով», - նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։


Ապրիլի 13-ին Իրանն անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարձակվել է Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իսրայելական կողմի հասցրած հարվածի: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իրանի հարձակումը հաջողությամբ հետ է մղվել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իսրայելը մտադիր է տարածաշրջանային կոալիցիա ստեղծել Իրանի կողմից եկող սպառնալիքի դեմ:


Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ հարձակումը պատերազմի հայտարարություն էր: CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի հարձակմանն արձագանքելու վերաբերյալ: Նշվում էր, որ Իսրայելի ռազմական ղեկավարության առջև ընտրություն է դրված՝ կամ հզոր պատասխան հարված իրականացնել, կամ ավելի հավասարակշռված որոշում կայացնել։


Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը մտադիր չեն մասնակցել Իրանի դեմ պատասխան ռազմական գործողությանը, եթե այն սկսվի: Ինչպես նշել է Reuters գործակալությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անձամբ զգուշացրել է Նեթանյահուին, որ «Միացյալ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ հակահարձակմանը, եթե Իսրայելը որոշի պատասխան հարված հասցնել իսրայելական տարածքին մեկ գիշերվա ընթացքում զանգվածային անօդաչու և հրթիռային հարվածի համար»:


Քաղաքականություն