Կայանման համար ապօրինի գումար գանձողները պատասխանատվության կենթարկվեն
Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ իրականացնում է մի շարք միջոցառումներ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանն ու հավելել, որ քաղաքացիները տեղեկացվել և զգուշացվել էին՝ դադարեցնելու անօրինական գործունեությունը: Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով: Ընդ որում, եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն:

Քաղաքականություն