Նորքի զինված խմբի ղեկավարին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ոստիկանների ուժեղացված հսկողությամբ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով՝ նա գտնվում է ծանր վիճակում և հնարավոր է՝ մի քանի օր մնա բժիշկների հսկողության տակ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատվի։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն