Հարկայինից սպառնացել են ընկերությանը. ՊԵԿ-ն արձագանքում է մեղադրանքներին
ՊԵԿ-ն արձագանքել է «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերության տարածած այն հայտարարությանը, ըստ որիՙ ՊԵԿ-ը սպառնացել է ընկերության ներկայացուցիչներին: ՊԵԿ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. ««ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությունը գործունեություն է ծավալում Երևանում՝ Դեմիրճյան 22, Բաղրամյան 25 և Խորենացի 20, տ40 հասցեներում: Ընդ որում, առաջին երկու հասցեներում ծավալում է հանրային սննդի, իսկ վերջին հասցեում՝ առևտրային գործունեություն: Ընկերության կողմից ցույց տրվող միջին օրական ֆիսկալային շրջանառությունը չի վկայում այն մասին, որ «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությունն իրացման շրջանառությունը հայտարարագրում է ամբողջությամբ: Հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտոցոլված տվյալները փաստում են, որ ընկերության կողմից ցույց տրվող ֆիսկալային շրջանառությունը Երևանի 3 հասցեներում գործունեություն իրականացնելու պայմաններում ակնհայտորեն հեռու է իրականությունից և պարունակում է իրացման շրջանառության թերհայտարարագրման ակնհայտ ռիսկեր: Միաժամանակ երեք հասցեներում «ԽԱԼԴԻ.ԿՈ»-ն գործունեությունը ծավալում է աշխատակիցների այնպիսի քանակով, որը չի կարող համարվել իրատեսական: Ավելին՝ գրանցված աշխատակիցների մասնագիտությունները վկայում են այն մասին, որ վերջինս չունի նաև տվյալ գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ գրանցված մասնագետներ (օրինակ՝ հնարավոր չէ իրականացնել խոհարարական արտադրանքի պատրաստում և մատուցում առանց խոհարար ունենալու): Ընկերության կողմից հայտարարագրված աշխատողների քանակը (աշխատաժամերը) և հայտարարագրված աշխատավարձերի մեծությունը մի քանի անգամ ցածր են Երևանում վճարվող աշխատավարձերի չափից: Այս խնդիրները ներկայացվել են հարկ վճարողին՝ առաջարկելով շտկել հարկերի թերհայտարարագրման ռիսկերը: Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, բացառությամբ՝ հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների: Հաշվի առնելով վերը նշված դրույթը՝ հարկային մարմինը չի կարող հրապարակել ընկերության ցուցանիշները, որոնք ցանկացած քաղաքացու համար հասու կդարձնեին ընկերության մոտ առկա ռիսկային գործոնները: Այնուամենայնիվ, որպեսզի հանրության մոտ չառաջանա միակողմանի տպավորություն հարկային մարմնի աշխատանքի վերաբերյալ, հարկային մարմինն առաջարկում է «ԽԱԼԴԻ.ԿՈ» ընկերությանը, նմանատիպ հրապարակման հետ միասին, հրապարակել նաև ըստ առանձին հասցեների` ընկերության միջին օրական հայտարարագրված ֆիսկալային շրջանառությունը, աշխատողների հայտարարագրված աշխատաժամերը, միջին օրական մաքուր աշխատավարձի չափերը, գրանցված աշխատողների մասնագիտությունները և ընկերության հարկային կարգապահությունը բնութագրող այլ ցուցանիշներ: Որպես այլընտրանք, ընկերությունը կարող է տալ իր համաձայնությունը և հարկային մարմինը նույնպես կարող է հրապարակել վերը նշված ցուցանիշները»: Հիշեցնենք, որ ընկերությունը, մասնավորապես հայտնել էր. « «HALDI. CO Demirchyan 22» ընկրությունը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հարգելի ընկերներ այսօր մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել,մեզ հրավիրել են հարկային տեսչություն զրույցի: Զրույցի պարունակությունը կայանում էր նրանում ,որ անհրաժեշտ է մտածել պետության մասին և ավելացնել հարկային մուտքերը: Ուզում ենք հատուկ նշել,որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու' միշտ խփել ենք ՀԴՄ-ները և բոլոր աշխատողները գրանցված են եղել: Վերջը' ներկայացվեց պահանջ,որպեսզի մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում ''Ամեն օր Ձեր աշխատուղներին կկանչենք մեր մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա և կստեղծենք այլ խոչնդոտներ Ձեր աշխատանքի համար'' Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ և ամենավատը այն է,որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում և այդ տարբերությունը վճարելու եք դուք: Ամենազայրացնող փաստը այն է,որ մեր հարկային մարմինները գործում են ''Ռեկետի Մեթոդներով'' Բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը և օգնել մեզ գտնել ելք այս իրավիճակից: Չէ որ սա սիստեմային խնդիր է»։»

Քաղաքականություն

Պատահարներ