Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ ցավից տնքացող ժողովուրդը…լրագրողի հիշողությունները
Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խառը զգացումներ ունեցա, երբ Օպերայի շենքի մոտ տեսա շարք կանգնած ոստիկանների, որոնց ձեռքերին ճերմակ մեխակներ կային: Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ ցավից տնքացող, վիրավորանքից գազազած ժողովուրդը Թումանյան փողոցում գոռում էր՝ մարդասպաններ, հանցագործներ, թաղում ու հանում էր Ռոբին ու Սերժին: Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ, երբ Մաշտոցի պողոտայում, Օպերայի հարեւանությամբ ոստիկաններին՝ վահաններով, մահակներով զինված, ՛՛լցնում էին՛՛ ավտոբուսը, որ տանեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ժողովրդին ճնշելու: Հիշողությունս հետ գնաց 2008-ի մարտի 1-ի առավոտ- երեկո-գիշեր, երբ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված հազարավոր մարդկանց նկատմամբ այն ժամանակվա իշխանությունը թակարդներ էր լարում ոստիկանների ձեռքով, մարդկանց էր ահաբեկում, ծեծում ու ջարդում՝ կրկին ոստիկանների ձեռքով: Ու հիշողությունս հետ գնաց ավելի առաջ՝ 2003, երբ Քոչարյանի երդմնակալության օրը /կարծես ապրիլին էր/ Ստանիսլավսկու թատրոնի պատի տակ, ժողովրդի եւ ուժայինների բախման ժամանակ մի երիտասարդ ոստիկան լալիս էր՝ գլխարկով աչքերը սրբելով: Հիշողությունս շատ հետուառաջ արեց այսօր, երբ տեսա սպիտակ մեխակներով ու անչար հայացքներով ոստիկանների: Հեղափոխություն, սիրում եմ քեզ»:

Քաղաքականություն