Առաջարկել ենք, որ շաքարի հարկը տարածվի բնական և գազավորված ըմպելիքների վրա․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր։ Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը: Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»։

Քաղաքականություն