ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
AuroraNews-ը այսօր վաղ առավոտից ուշագրավ զանգեր է ստացել այն մասին, որ կանգառներում տասնյակ մարդիկ են մնացել, քանի որ ավտոբուսային որոշ գծեր չեն աշխատում: Խոսքը հիմնականում մանուշակագույն ավտոբուսների մասին է: Մարդիկ հայտնում են, որ աշխատանքից չուշանալու համար կամ օգտվել են տաքսիներից կամ էլ մի կերպ փորձել են խցկվել արդեն գերբեռնված երթուղայինները: AuroraNews-ը կապ հաստատեց գործադուլ անող վարորդների հետ, ովքեր ասացին, որ իրենց բողոքը պայմանավորված է ավտոբուսների մեջ տեսախցիկների տեղադրմամբ, ինչն իրենց հետ չի համաձայնեցվել: Ավելին, մեզ հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ ավտոբուսներից մեկում արդեն իսկ տեղադրվել է տեսախցիկ, սակայն այն հատվածում, որտեղ վարորդները հավաքում են ուղեվարձը: Նրանց խոսքով` այսպիսով փորձ է արվում վերահսկել ավտոբուսների վարորդների եկամուտները: Գործադուլ է անում Ջրվեժի և Չարբախի ավտոբուսային պարկը: Առաջիկա ժամի ընթացքում մեր լրատվականը կփորձի նաև քաղաքապետարանից ճշտել ու հասկանալ գործադուլի պատճառը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հայտնեց, որ "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ն, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ավտոբուսներում տեսախցիկներ է տեղադրում, որպեսզի ստուգվեն ուղևորահոսքը, ֆինանսական հոսքերը: "Վարորդները առայժմ անհասկանալի պատճառներով դեմ են: Թե ինչու են դեմ, կարելի է միայն ենթադրել",- ասաց նա: Կուբաթյանի խոսքով` այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի վարորդները վերադառնան աշխատանքի: Նշենք, որ, ըստ Shamshyan. com-ի, գործադուլին մասնակցում է ավելի քան 250 վարորդ:

Քաղաքականություն