ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան
«Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, որ գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան։ Infocom-ը հաղորդում է, որ ոստիկանությունը այս դեպքի առթիվ փնտրում է «Նորագյուղցի Բոգոյին»: "Նախորդ շաբաթ ոստիկանության ուժերով Կենտրոնական ավտոկայանի «նայող» Բոգոյին դուրս են բերել ավտոկայանի տարածքից, որտեղ մինչև վերջերս, համաձայն որոշ տեղեկությունների, նա վարորդներից ընդհանուր առմամբ օրական 1,5 մլն դրամ «գծի փող» էր հավաքում։ Այդ միջադեպին հաջորդել է Բոգոյի հանդիպումը «Հայավտոկայարանի» տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ, որի ժամանակ Բոգոն սպառնալից ակնարկներ է արել Մնացականյանին։ Այս ամենի ֆոնին իրավապահները կասկածներ ունեն, որ մեքենան այրելը կապ ունի նախորդիվ տեղի ունեցած դեպքերի հետ և հիմա փնտրում են Բոգոյին",- գրում է լրատվամիջոցը:

Քաղաքականություն