Վարչապետը բան ու գործ չունի, մի քանի աշխատակցներո՞վ պիտի զբաղվի. «Սեքյուրիթի Դրիմի» համահիմնադիր
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներից ոչ ոք աշխատանքից ազատված չէ: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիրներից Ալեքսան Զաքարյանը: «Իրենք ընդամենը տնօրենի կողմից ծանուցում են ստացել, որ բացատրեք` ինչի ամսի մեկին աշխատանքի չեք ներկայացել, այսինքն՝ դա քննարկման առարկա է, բացատրեք, թե ինչի չեք եկել աշխատանքի: Թող պարզեն, ինչու են խառնվել իրար», - ասաց Ալեքսան Զաքարյանը: Ընկերության համահիմնադիրը ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ծանուցում ստացած աշխատակիցների մուտքը ընկերություն կասեցվել է, թե` ոչ: Նա չհերքեց, որ ինքն աշխատակիցներին խոստացել է, որ ցույցի մասնակիցների նկատմամբ որեւէ ճնշում չի լինի եւ չի եղել: «Տեսանյութերը տեսել եք, որ միտինգին 50-100 հոգի մարդ կար, ու նրանցից մի քանի հոգու է տնօրենը հարց ուղարկել, թե ինչու չեք ներկայացել աշխատանքի։ Սա նոր տնօրենի գործն է, որ ինքը կատարում է, ես ի՞նչ կապ ունեմ: Եթե օրենք է խախտվել, թող դիմեն դատարան, վարչապետին ինչի՞ համար են դիմում, վարչապետը բան ու գործ չունի, մի քանի աշխատակցներո՞վ պիտի զբաղվի»,- ասաց նա` նշելով, որ նոր տնօրեն է նշանակվել Արթուր Պողոսյանը: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիրը հայտնեց, որ նախկին տնօրեն Արամ Ղլեչյանին իրենք աշխատանքից ազատել են, քանի որ նրա աշխատանքից դժգոհ են եղել: Նշենք, որ այսօր «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցները բաց նամակ են հրապարակել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Սույն թվականի մարտի մեկին, տեղեկանալով այն մասին, որ մեր ընկերության տնօրեն պարոն Արամ Ղլեչյանը մտադիր է հեռանալ աշխատանքից, հավաքվել ենք ամբողջ անձնակզմով և մեր անհամաձայնությունն ենք հայտնել այդ կապակցությամբ /նաև իրականացրել ենք ստորագրահավաք/։ Մեր տնօրենը, անսալով մեր ցանկությանը, հայտարարել է, որ շարունակում է պաշտոնավարումը, սակայն «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրներ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանները, հավատարիմ իրենց սերժական երդմանը, անհանդուրժող են ցանկացած քննադատության և այլակարծության դրսևորումներին և մեզ թիրախավորելով, մեզ համարելով այդ հավաքի կազմակերպիչներ, սույն թվականի մարտի 5-ից, արգելափակել են էլեկտրոնային անցագրային կետը և մեր մուտքը արգելելով աշխատավայր, փաստացի հեռացրել են աշխատանքից։ Թեև, մեզ հետ 01.03.2019թ. հանդիպման ժամանակ Ալեքսան Զաքարյանը տղամարդու խոսք տվեց, որ ոչ մեկին չեն կրճատելու և չեն նվազեցնելու աշխատավարձերը, այդուհանդերձ փաստացի կատարում է իր դավադիր ծրագիրը և մեզ համար այլևս ակնհայտ է թե ինչ արժե Ալեքսան Զաքարյանի «տղամարդու» խոսքը։ Զաքարյանների կողմից նշանակված նոր տնօրենը, օգտվելով իրավիճակից, խեղաթյուրելով փաստերը, մեզնից գրավոր կարգով պահանջել է բացատրություն 01.01.2019 թվականին աշխատավայրից ամբողջ օրը բացակայելու պատճառների մասին, թեև Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, իրավաբան Արթուր Պողոսյանի համար պետք է ակնհայտ լիներ այն հանգամանքը, որ մեր կարծիքը հայտնելու նպատակով իրականացված հավաքը սկսվել է ժամը 14։00 սահմաններում և տևել է 2 ժամ, ուստի ամբողջ օրը աշխատանքից բացակայելու իրավական երևույթը պարզապես բացակայում է»,- գրված է բաց նամակում։

Քաղաքականություն