ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրայաին կապերի բաժնից: Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե: Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով: ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի, և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»: Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: Այսօր առավոտյան արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորում: Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի օր է, ինչ ընկերության աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ տնօրենի կալանավորման որոշման:

Քաղաքականություն

Պատահարներ