Մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Երեւանից այսօր մեկնարկել է մեծ ավտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ NEWS am–ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները տարբեր մարզերից ավտոերթերով հավաքվելու են Արենի համայնքում, որտեղից շարժվելու են դեպի Ջերմուկ, որտեղ էլ եւ նախատեսված է մեծ հանրահավաքը։ Ավտոերթի եւ հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող հանքահենական ծրագիրը: Մեր համայնքը վերահաս վտանգներից ու ռիսկերից պաշտպանելու համար 11 ամիս օր ու գիշեր կանգնած ենք եղել դեպի Ամուլսար տանող դաշտամիջյան ճանապարհներին: Գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Մեր Սահմանադրական իրավունքն իրացնելիս, ի լրումն Ջերմուկ համայնքի շուրջ 3000 ստորագրությունների, կարիք ենք զգում ևս մեկ անգամ Կառավարությանն ուղերձ հղել, որ Ջերմուկ համայնքի ձայնն ու բնակիչների իրավունքները լսելի պետք է լինեն և հաշվի առնվեն որոշումների կայացման ժամանակ: Հանրահավաքի օրակարգը կտեղադրենք քիչ ավելի ուշ: Հանրահավաքը և ավտոերթը կրում են խաղաղ բնույթ: Կեչուտի բարբառով «Մինա՝ չի պացվիլո»։

Քաղաքականություն

Պատահարներ