«7 կետով կրակ կա. hենց հիմա հրդեհաշիջումը շարունակվում է». ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյան

«Մալաթիա մոլ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին հետևում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ սա առանձնահատուկ դեպք է, քանի որ պահեստ է, որտեղ տարատեսակ ապրանքներ կան ու դրանք տարբեր ձևով են այրվում:

 

«Ահազանգից հետո 20 րոպեում դեպքի վայրում եղել է 6 մեքենա: Այս պահին մասնակցում է 22 մեքենա, 420 հրշեջ: Ցավում եմ, որ մարդիկ չեն գնահատում այս աշխատանքը»,-ասաց նա:

 

Նախարարը նշեց, որ այսօր Խոսրովի արգելոցի մոտ բռնկված հրդեհի վայր մեկնելիս է տեղեկացել այս հրդեհի մասին և վերադարձել է Երևան: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս տարի հրդեհները շատ են, կան նաև խոշոր մասշտաբների անտառային հրդեհներ:

Նախարարը չբացառեց, որ այսօր հրդեհը կմեկուսացվի, բայց մարելը ժամանակ կպահանջի: «7 կետով կրակ կա: Հենց հիմա հրդեհաշիջումը շարունակվում է»,-ասաց նա: 

 

«Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանի այն դիտարկմանը, թե վտանգավոր նյութեր այդ պահեստում չկան:

Ցոլակյանն արձագանքեց, որ օրինակ լաքը վտանգավոր նյո՞ւթ է, թե ոչ, կամ կարող է մի տեղ գազի բալոն կա դրված, որի մասին բոլորը մոռացել են. «Հրշեջը կարող է մտնել ու պայթել: Չեն մտածում եւ արտահայտվում են, թե վտանգավոր է, թե վտանգավոր չի»: Նրա խոսքով, ամբողջ Երեւանում ամեն քայլափոխի քաղաքաշինական նորմերի խախտումներ կան. «հրշեջները շենքի ամեն կողմից չէ, որ կարողանում են մոտենալ», նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

 

Տեսանյութը՝ News.am

Քաղաքականություն

Պատահարներ