ՀՔԾ-ն ստուգում է Մայրապետյանի փաստաբանների հայտնած լուրի իսկությունը

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեռ Գերմանիայում է: Փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

 

 ՀՔԾ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: 

 

Դիմումատուն Եվրոպական դատարանին խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

 

Ավելի վաղ, Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար: 

 

«Սամվել Մայրապետյանի կյանքը փրկել հնարավոր է միայն այս եղանակով՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդով, որը կիրառվում է միայն Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքի կոնկրետ Կարլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում»,- նշված էր պաշտպանների հայտարարության մեջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ