ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կան բացահայտված հանգամանքներ. ՔԿ նախագահը՝ հայտնի գաղտնալսման գործի մասին

Միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որեւէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին:

 

Հիշեցմանը, որ նախկինում ինքն ասել է, որ պատվիրատուն հայտնի է, Հայկ Գրիգորյանն ասաց. «Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը, դրանք տարբեր բաներ են: Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է: 

Այո, կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով նպատակահարմար չեմ համարում այդ մասին խոսել»:

 

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե բոլորին հայտնի է, թե ովքեր են պատվիրել, մնում է ապացուցել, Հայկ Գրիգորյանն ասաց. «Մենք մեր գործունեության ընթացքում երբեք այդպիսի հայտարարություն չենք արել»:

 

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

 

8 րոպեանոց զրույցի ընթացքում Վանեցյանը եւ Խաչատրյանը քննարկել էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:

 

Տեսանյութը News.am-ի:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ