ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին

«Բարեբախտաբար դուք զանգահարել եք մի ֆակուլտետի դեկանի, ում գլխավորած կառույցում ծանոթով կարմիր դիպլոմ ստանալու որևէ դեպք եթե արձանագրվի, ես պատրաստ եմ կրել օրենքով սահմանված, նախատեսված բոլոր պատասխանատվությունները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ լրագրողին ասված հայտարարությանը՝ ասել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։ 

 

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանի գործարանի բացումից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր, ինչու է խորհրդարանում: Դա հունից հանեց Ծառուկյանին. «Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, ես սեփականատեր եմ, դու ի՞նչ ես ավարտել:ԵՊՀ-ն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»: Երբ լրագրողը նշեց, որ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարմիր դիպլոմով, Ծառուկյանը հավելեց. «Երևի լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել: Բա ո՞վ լինի պատգամավոր, դո՞ւ ես ուզում լինես պատգամավոր: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի կարում դնի»:

Քաղաքականություն

Պատահարներ