ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի կինը յուրեցրել է «Հայապակի» ընկերության պետական գույքը. նոր մանրամասներ

Իրավապահները պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը օտարելու և խարդախությամբ հափշտակելու անօրինական սխեմաները։

Բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ, հայտնում է դատախազությունը։

 

Հրապարակած հաղորդագրության համաձայն` Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղում գտնվող «Հայապակի» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կառավարության 2001թ.–ի որոշմամբ գնահատված է եղել 717 մլն դրամ։

 

Նույն որոշմամբ, ընկերության 80 տոկոս սեփականության բաժնետոմսերը (574 մլն ՀՀ դրամ արժողությամբ), ընդամենը 145 մլն դրամով օտարվել են Ն. Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամի ներդրումներ կատարելու ու 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով: 

 

Մեր տեղեկություններով` նշված անձը նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինն է` Նազիկ Ամիրյանը։

Նոր սեփականատերը, սակայն, ոչ միայն «Հայապակի» ՓԲԸ-ն վերածել է «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի, այլև իր նշանակած տնօրենի միջոցով դիտավորյալ չի կատարել պարտավորությունները, չի վճարել հարկերը, ինչի հետևանքով 2003թ.–ին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել:

 

Իսկ սնանկության գործընթացում սնանկության գործով կառավարիչը գործարանի ամբողջ գույքը գնահատել է ընդամենը 121.3 մլն դրամ և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։

 

Այդ ընթացքում գործարանի սեփականատեր Ն. Ա.-ն իր մտերիմ գործարար Ա. Ք.-ի հետ նոր ընկերություն է հիմնել, որը մասնակցել է 2004թ.-ին լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդին ու եղել աճուրդի միակ մասնակիցը։

 

Արդյունքում «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ն նորաստեղծ ընկերությունը ձեռք է բերել 121.3մլն դրամով։

 

Իսկ Ն. Ա.-ն իր կազմակերպած մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը` փաստացի անտեսելով գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները:

 

Կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու։
 


 

Քաղաքականություն

Պատահարներ