Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել քաղավիացիայի ոլորտում

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի համար կառավարությունը համատեղության կարգով մեկ այլ պաշտոն է ստեղծում։

 

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի համակարգման համար պետական համակարգում նոր պետական կառույց կստեղծվի։ Այսպիսի առաջարկով է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Ավիացիայի մասին» ՀՀ գործող օրենքում նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն արդեն հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում` e-draft-ում։

 

«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե»,– նշված է հրապարակված օրինագծում։

 

Կոմիտեի կանոնադրության ու աշխատանքային ծրագրի հաստատման իրավասությունը ևս վերապահվում է կառավարությանը։

 

Նորաստեղծ կոմիտեի նախագահի լիազորությունները, ըստ նախագծի, իրականացնելու է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարը, այսինքն` ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը, տվյալ պահին` Տաթևիկ Ռևազյանը։

Նշենք, որ ներկայացված նախագծի առցանց քննարկման համար սահմանվել է 15 օր ժամանակ` մինչև նոյեմբերի 26-ը։ Դրանից հետո այն ամենայն հավանականությամբ կներկայացվի կառավարության հաստատմանը։

 

«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը» Հայաստանում առաջին անգամ հաստատվել է 2002 թվականին։ Վերջին փոփոխությունը դրանում կատարվել է 2019 թվականի մարտի 7-ին։

 

Քաղաքականություն

Պատահարներ