
Վարդգես Գասպարիին չեն թույլատրում մասնակցել Քոչարյանի եւ մյուսների գործով նիստին
12.11.2019 14:13
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից առաջ դատական կարգադրիչները քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին մուտք գործել դատարան:
««Ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված է, որ դուք իրավունք ունեք անելու միայն այն, ինչով լիազորված եք»,- դիմեց նա կարգադրիչներին՝ պահանջելով հղում անել այն օրենքին, որի հիման վրա իրեն արգելում են մուտք գործել:
Գասպարիին, սակայն, պատասխան չտվեցին: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ հիմքով Վարդգես Գասպարին չի կարող մասնակցել դատական նիստին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի կարգադրիչների պետ Հայկ Մարգարյանն ասաց, որ նա նախկինում խախտել է դատական կարգը:
Ճշտող հարցին, թե նրա նկատմամբ սանկցիա է կիրառվել, Մարգարյանը պատասխանեց. «Պարտադիր չէ, որ սանկցիա կիրառված լինի»: Վարդգես Գասպարին այս պահին էլ դատարանի բակում է եւ պնդում է, որ պետք է մուտք գործի դատարան: