ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ներկայացվել է Cybertruck էլեկտրական պիկապը` գինը սկսվում է 39 900 դոլարից

Ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, լույս ուրբաթ ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում:

«Այն եզակի է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ֆուտուրիստական ավտոմեքենան ներկայացնելիս:

 

Մասկի խոսքով՝ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Մասկը նշել է, որ ավտոմեքենան նախագծելիս ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:

 

Նա նաև նշել է, որ պիկապը բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը:

Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։

 

Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:

 

Պիկապի հետ միասին Մասկը ներկայացրել է նաև էլեկտրական քվադրոցիկլ։ Այն կարող է տեղավորվել Cybertruck-ի թափքում ու լիցքավորվել դրանից։

Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։

Քաղաքականություն

Պատահարներ