Պուտինը պատմել է երիտասարդ տարիքում ունեցած երազաքների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ երիտասարդ տարիքում շատ մասնագիտությունների միջև է ընտրություն կատարել, այդ թվում` նավաստու և օդաչուի, սակայն նշել է, որ կյանքում պետք է «փորձել» բոլոր մասնագիտությունները և «ընտրել սեփականը»: Այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

 

Նոյեմբերի 26-ին Յարոսլավլում կայացած «ПроеКТОриЯ» ֆորումի ժամանակ, որին նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում էր հեռուստակամրջի միջոցով, դպրոցականներից մեկը նախագահից խորհուրդ է հարցրել ապագա մասնագիտության ընտրության հարցում:

 

Պուտինը պատասխանել է, որ այդ հարցին ամեն մարդ միայն ինքը կարող է պատասխանել, և դա «շատ բարդ ուղի է»:

 

«Ես, ինչպես և դուք, կանգնած եմ եղել ընտրության առաջ. ինչ անել, ուր գնալ, ինչ դառնալ»,- պատմել է նախագահը՝ նշելով, որ այդ հարցում շատ բարդ քննարկումներ է ունեցել ծնողների և մարզչի հետ, ում մոտ նա սպորտով էր զբաղվում Լենինգրադի «Турбостроитель» սպորտային ակումբում:

 

«Անձամբ ինձ մոտ ամենատարբեր ցանկությունները կային, ես ցանկացել եմ լինել և՛ նավաստի, և՛ օդաչու: Ես ուշադիր նայում էի, ուսումնասիրում, «ինձ վրա չափում» այդ մասնագիտությունները»,- հայտարարել է Պուտինը:

 

Նախագահը նշել է, որ գալիս էր համապատասխան հաստատություններ և ուսումնական կենտրոններ, կողքից հետևում, թե ինչ էին անում մարդիկ, ինչպես էին խոսում, ինչ էր կատարվում շուրջբոլորը: «Հենց դա էլ չափումն է»,-նշել է ռուս առաջնորդը:

 

Նա խորհուրդ է տվել երիտասարդներին նույնպես տարբեր աշխատանքային ոլորտներում իրենց փորձել՝ սեղանի շուրջ, տեխնիկական սարքերի մոտ, նավի ղեկին:

«Նստեցիր, վերցրիր գրիչը և սկսեցիր մտածել և ստեղծագործել: Կանգնեցիր տեխնիկական սարքի մոտ և այլն: Պետք է այդ բոլորը փորձես քեզ վրա և զգաս՝ արդյո՞ք ամբողջ կյանքում կզբաղվես դրանով: Դու առավոտյան հաճույքո՞վ կգնաս զբաղվելու այդ գործով, թե՞ ոչ: Եվ ահա երբ գտնես այդ գիծը քեզ համար, այդ ժամանակ կհասկանաս՝ սա իմն է: Սակայն միայն այդ ընտրությունը բավական չէ: Հետո պետք է լարված աշխատել: Ամեն օր: Եվ այստեղ, իհարկե, մեծ ջանքեր է պետք ներդնել, որպեսզի արդյունքի հասնես»,- ասել է ՌԴ նախագահը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ