Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարտավոր է լսել Սերժ Սարգսյանին

2016թ.–ի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։

 

Քննիչ հանձնաժողովի նիստում ընդունված այդ առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ նիստում` մինչ այդ որոշ հաշվետվություն ներկայացնելով նախորդ 6 ամիսներին կատարած աշխատանքների վեաբերյալ։

 

«Ս.թ. հուլիսի 9-ին ՊՆ–ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր` 147տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի գումարած 21 նիստում հարցաքննվել են 10 զինծառայող։

 

Իսկ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։  Նրանց թիվը, հանձնաժողովի նախագահի խոսքով, կարող է հասնել 40-ի։

 

«Հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց` ընդհուպ մինչև այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որովհետև նա իրականացրել է գլխավոր գերագույն հրամանատարի  գործառույթ և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքվել են, ուսումնասիրվում են, և դրանց վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից։ Իսկ նրանից առաջ` բոլոր այն պաշտոնյաներից, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին»,– ասաց Քոչարյանը։

 

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ մինչև հիմա քաղաքական շահարկումը բացառվել է ու այսուհետ ևս բացառվելու է։

Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ։

 

Քաղաքականություն

Պատահարներ