Պետք է ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան

Այսօր՝ դեկտեմբերի 9–ն, Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  օգտակար և կարևոր համարեց ներկայացվող նախագիծը:

 

«Իմ փորձով կարող եմ ասել, երբ ես ծխող էի, հիմա հազվադեպ եմ ծխում. առաջին անգամ, երբ հայտնվեցի օդանավակայանի ծխողների համար նախատեսված վայրում, ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ»,  օտարանդի, վտարանդի։ Հիմա ներողություն եմ խնդրում իմ բոլոր ծխող ընկերներից, բայց՝ այո, պետք է ասեմ, որ այդ մշակույթը պետք է ձեւավորել, որ ծխողները լինեն վտարանդի»,– ասաց Հակոբյանը։

 

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու նախագծին, մեկ անգամ եւս հիշեցնելով վտարանդի դառնալու մասին. «Մեր որեւէ գործընկեր այստեղից չասաց, որ կուզենար, որ իր երախան ծխի, չէ,՞ պարոն Գորգիսյան, ոչ մեկը չի ուզում, որ մեր երեխաները ծխեն։ Դրա համար նախեւառաջ պետք է ծխողները դառնան վտարանդի։ Ողջունում եմ այս նախագիծը, շնորհակալություն այն պատգամավորներին, գործընկերներին, որոնք արդեն հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու։ Կարծում եմ միաձայն կնդունվի այս նախագիծը։

Քաղաքականություն