Երևանում ՊՆ ծառայողը մեքենայով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին. վերջինը մահացել է

Այսօր, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբուն և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել և այդ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, քանի որ ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Բ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Քաղաքականություն

Պատահարներ