Սկզբունքային նախարարը նահանջեց․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղ կանգնի գերան կկոտրի. այսօր ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ «մասնագիտական» հիմնավորում տվեց համայնքային մի քանի ծննդատների փակման մասին (համարյա ինձ էլ էր համոզում): Բայց․․․, համենայնդեպս, նահանջեց և Եղվարդի ու Աչաջուրի ծննդատները կշարունակեն գործել։
     Հարց․
     - Ինչո՞ւ մասնակի նահանջեց սկզբունքային նախարարը։ Համոզված եմ, որ նախարարը կամ այդպիսի որոշում չէր ընդունի, կամ կհրաժարվեր այդ որոշումից, եթե․․․ Եթե Հայաստանում գործեին իրական, ճյուղային, այս դեպքում բժշկական արհմիություններ։ Այդ պարագայում, նախ նախարարը հաշվի կառներ արհմիությունների առկայության փաստը և գուցե ծննդատների փակման որոշում չկայացներ։ Բայց, եթե, այնուամենայնիվ, որպես «ժողովրդի» նախարար, այդ որոշումը կայացներ, ապա արհմիության կոչով ողջ բժշկական հանրությունը ոտքի կկանգներ՝ գործադուլներ, հանրահավաքներ և այլն։ Բայց քանի որ Հայստանում չկան ոչ միայն իրական, անկախ արհմիություններ, այլև ձախակողմյան կուսակցություններ (ներիր՝ ՀՅԴ), որի պատճառը նաև մեր՝ հայերիս, կոլեգիալ մտածողության բացակայությունն է, ապա նախարարն ինքնավստահ կայացրեց «մասնագիտական հաշվարկների» վրա հիմնված որոշում։
     Բայց, այնուամենայնիվ, սկզբունքային նախարարը նահանջեց։ Պատճառը Եղվարդի և Աչաջուրի համայնքների բնակիչների բողոքի ցույցերն էին։ Տարոսը՝ մյուս համայնքներին»։

Քաղաքականություն

Պատահարներ