Երևանի ողջ տարածքում աշխատել է ձնամաքրող 29 տեխնիկա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։

«Ամբողջ աշխատանքը համակարգվում է քաղաքապետի կողմից, բոլոր ստորաբաժանումները գիտեն իրենց անելիքները, վարչական շրջաններում աշխատանքներն անմիջականորեն հսկում են վարչական շրջանների ղեկավարները, ամեն ինչ կառավարվում է համայնքային կառույցի կողմից: Կա աշխատանքի հստակ բաժանում: Այսօր հիմնականում ձյան տեղումների առատություն նկատվեց հյուսիսային գոտում»,- նշել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ամբողջ տեխնիկան՝ 29 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։

«Ունենք հստակ գծագիր՝ ուղղությունների հետ կապված: Ամենակարևորն առաջնային ճանապարհներն են, որից հետո երկրորդական և միջբակային փողոցներն են մաքրվում: Համացանցային խմբի միջոցով մշտապես հետևում ենք աշխատանքների ընթացքին. այն վարչական շրջանում, որտեղ մեքենան ավարտ է տվել, այն ամրակցում ենք մյուս վարչական շրջանին, որպեսզի ավելի արագ աշխատանքները կազմակերպենք: Գլխավոր փողոցներն արդեն ամբողջությամբ մաքրված են և անցանելի բոլոր ավտոմեքենաների համար»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ձնամաքրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կա պայմանավորվածություն «Երքաղլույս» ընկերության հետ, և արտաքին լուսավորության համակարգը միացված է մնում մինչ լույս: Արդեն առավոտյան աշխատանքներ են տարվում նաև կամրջային հատվածներում առաջացած սառցալեզվակները հեռացնելու համար:

Համայնքային տեխնիկայից բացի ձնամաքրման գործընթացին մասնակցել են նաև ենթակապալառու ընկերությունները։ Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Այս գործին են միացել նաև Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող ընկերություններն ու անհատները: Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը խթանելու սկզբունքը, ինչը միջազգայնորեն ընդունված գործելաոճ է:
Մեկ անգամ ևս կոչ ենք անում վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն

Պատահարներ